Index   Back Top Print

[ AR  - DE  - EN  - ES  - FR  - HY  - IT  - PL  - PT ]

APOSTOLIC JOURNEY OF HIS HOLINESS POPE FRANCIS
TO ARMENIA

(24-26 JUNE 2016)

HOLY MASS

HOMILY OF THE HOLY FATHER

Gyumri, Vartanants Square
Saturday, 25 June 2016

[Multimedia]


 

«Կը վերակարուցեն հին աւերակները, կը վերանորոգեն անբնակ քաղաքները» (Ես 61,4): Այս վայրերում, սիրելի եղբայրներ եւ քոյրեր, իրականացել են Եսայի մարգարէի խօսքերը որ լսեցինք: Անաստուածութեան երկար տարիների հոգեւոր կործանումէն ետք, երկրաշարժի սարսափելի նիւթական աւերածութիւններից յետոյ, այսօր գտնւում ենք այստեղ՝ Աստծոյ շնորհակալութիւն յայտնելու հաւատը դաւանելու ազատութեան եւ առատաձեռնութեան համար, որ բազում մարդկանց օգնեց վերականգնելու համար իրենց կեանքը, հսկայական դժուարութիւններով հանդերձ: Սոյն վերածննդեան նշաններից ուզում եմ յիշեցնել Աշոցքի հիւանդանոցը, 25 տարի առաջ եւ ճանաչուած որպէս «Պապի հիւանդանոցը»: Ծնած սուրբ Յովհաննէս Պօղոս Բ-ի սրտից, որ սրտանց փափաքած էր, շարունակում է մնալ որպէս շատ կարեւոր եւ տառապեալներին մօտիկ ներկայութիւն, սիրոյ նշան, որ տեղական կաթողիկէ հասարակութեան եւ կրօնաւորական Միաբանութիւնների կատարած գործունէութիւնների հետ միասին, գերազանցօրէն ուսուցողական է:

Արդարեւ, սէր է՝ Աստծուց ստացած եւ ընկերոջ ընծայուած սէրն է – ինչպէս վկայում է օրինակի համար Կալկաթայի երանելի Մայր Թերեզան -, ժայռը՝ որի վրայ կարուցել եւ վերակարուցել մեր ապագան: Այս հիմքի վրայ է, որ հաստատուած է Յիսուսի աշակերտի կեանքը. սիրոյ միջոցով է, որ Եկեղեցու դէմքը երիտասարդանում եւ հմայիչ է դառնում: Գթառատ եւ թանձրացեալ սէրը քրիստոնեայի այցեքարտն է. ներկայանալու այլ կերպեր կարող է շեղիչ եւ նոյնիսկ անօգուտ լինեն, որովհետեւ – Յիսուս ասում է - «սրանից բոլորը իմանում են, որ իմ աշակերտներն էք. եթէ սիրէք իրար» (Յվ 13,35): Կոչուած ենք միշտ կառուցելու եւ վերակառուցելու հաղորդութիւնը, առանց երբեք հոգնելու, կամուրջներ սարքելու, ոչ թէ պարիսպներ կամ բաժանարար պատնէշներ: Հայ ժողովուրդը միշտ աւելի միացած լինի հաւատի եւ սիրոյ մէջ, եւ հաւատացեալները լաւագոյն օրինակը կարողանան տալ, համագործակցելով իրար հետ, փոխադարձ յարգանքով եւ երկխօսութեամբ, իմանալով որ «միակ մրցոյթը որ հնարաւոր է Տիրոջ աշակերտների միջեւ՝ ստուգելն է թէ ո՛վ ի վիճակի է առաւել մեծ սէրը նուիրելու» (ՅՈՎՀԱՆՆԷՍ ՊՕՂՈՍ Բ, Քարոզ, 27 սեպտեմբեր 2001. Ուսուցումներ ԻԴ, 2 [2001], 478):

Աստուած բնակւում է սիրողի մէջ. Աստուած բնակւում է որտեղ սիրում են իրար, յատկապէս որտեղ տկարներին եւ աղքատներին են խնամում: Նա միշտ օրհնում եւ պաշտպանում է նրան ով «բարի լուրն է տանում թշուառներին, կոտրուած սրտերի վէրքերն է պատում եւ մխիթարում է վշտացածներին» (հմմտ. 1-2 համարները): Շատ կարիքն ունենք սրան. կարիքն ունենք քրիստոնեաների, որ յոգնութիւնից չխորտակուեն եւ չյուսալքուեն փոխադարձ անհասկացողութիւններից, այլ բացուեն Աստծոյ սիրոյ ծրագիրներին. բարի կամքով մարդկանց կարիքը կայ, որ գործնականին եւ ոչ թէ խօսքերով օգնեն դժուարութեան մէջ գտնուող եղբայրներին եւ քոյրերին. կարիքը կայ աւելի արդար հասարակութեան, որտեղ իւրաքանչիւրը կարողանայ արժանավայել կեանք վարել եւ արդարօրէն հատուցուող աշխատանք:

Եկել եմ որպէս ուխտաւոր այս օրհնեալ երկիրը. հանդիպելով ձեզ հետ, որ ժամանել էք տարբեր շրջաններից եւ մօտակայ Վրաստանից, տեսնում եմ որ Աստուած ձեզ մենակ չի թողել. Նա այցելած է ձեր ժողովրդին (հմմտ. Ղկ (1,68): Աստուած յիշեց ձեր հաւատարմութիւնը Աւետարանին, ձեր հաւատի անդրանկութեան, հիմնուած Առաքեալների քարոզութեան վրայ, որոնց յիշատակն էք տօնում այսօր: Այս հողի վրայ, հուսկ, ձեր սուրբերից եւ վարդապետներից ոմանք ստեղծեցին այբուբենը ժողովրդի համար եւ ժողովուրդը Աւետարանի պատգամը քարոզեց, բոլորը միասին վկայելով, նոյնիսկ արեան եւ ծանր փորձունիւնների գնով, որ «Աստծոյ սէրը կեանքից աւել արժէ» (հմմտ. Սղ 63,4): Քրիստոնէական հաւատը այսպէս դարձաւ հայ ժողովրդի շունչը եւ նրա պատմութեան սիրտը: Այն ձեր ապագային յոյսն է նաեւ:

Սակայն, միշտ առկայ է փորձութիւնը՝ հաւատը վերածելու անցեալի պատկանող գեղեցիկ մի բանի, կարծես լինէր սքանչելի մանրանկարուած մի մատեան, թանգարանում պահելիք: Սակայն, եթէ պատմութեան դիւաններում պահուի, հաւատը կորցնում է հաղորդակցական ոյժը, կենսունակ եւ փոխակերպող իր գեղեցկութիւնը, բոլորի հանդէպ իր դրական բացուածքը: Մինչդեռ, հաւատը ծնւում եւ վերածնւում է Տիրոջ, Յիսուսի հետ կենդանի հանդիպումից, իր փրկող եւ կեանքի բոլոր պարագաներում լուսաւորող գթասրտութեան փորձառութեամբ: Օգտակար է ամէն օր վերանորոգել այս հանդիպումը, Աստծոյ Խօսքի ընթերցումով եւ աղօթքով բացուելով իր սիրուն, որ երջանկութիւնն է սնուցում: Իսկ երբ Յիսուս կանչի հետեւելու իրեն, յատկապէս երբ ձեզ՝ երիտասարդներիդ հրաւիրի, մի՛ տատամսէք քաջութեամբ պատասխանելու նրան «այո՛»: Նա մեզ ճանաչում է, մեզ իսկապէս սիրում է, եւ ուզում է ազատել սիրտը վախի եւ հպարտութեան ծանրութիւններից: Նրան տեղ տալով, կարող ենք սէր ճառագայթել եւ Աւետարանը քարոզել: Այսպէս կարողանալու էք ձեր աւետարանող մեծ պատմութեան սկիզբ տալ, որին Եկեղեցին եւ աշխարհը կարիքն ունեն այս նեղութեան ժամանակներին, որ միաժամանակ նաեւ ողորմութեան ժամանակներ են:

Հենց անցած տարուան Աստուածային Ողորմութեան Կիրակի օրուան ծիսակատարութեամբ, որին մասնակցեց իմ սիրելի եղբայրը՝ Գարեգինը, որին շնորհակալութիւն եմ յայտնում ինձ ազնուօրէն ընդունելւո համար եւ իր ներկայութեամբ եւ խօսքով մեզ պատուեց, ուզեցի բոլորի ուշադրութեան յանձնել Գրիգոր Նարեկացու կերպարը, ընդհանրական Եկեղեցու Վարդապետ: Նա կարապետ եւ մարգարէն էր աստուածային ողորմութեան: Դժուար է գտնել որեւէ մէկին, որ հաւասարի նրան, քննելու անդնդային թշուառութիւնները, որ կարող են մարդկային սրտում տնաւորուել. սակայն նա վերածում է դրանց աստուածային սիրոյ անդադրուն, արտասուալի եւ վստահ պաղատանքի, հաստատելով որ Աստուած «պարգեւների բաշխողն է, բնութեամբ բարի [...], մխիթարութեան ձայն, քաջալերանքի լուր, ուրախութեան թռիչք, [...] անհամեմատելի քնքշութիւն, յորդառատ ողորմութիւն, [...] փրկարար համբոյր» (Մատեան ողբերգութեան, 3,1), յայտարարելով որ «երբեք բարկութեան խաւարից չի մթաքնել նրա ողորմութեան լոյսը» (նոյն, 16,1): Նարեկացին ոչ միայն վարդապետ է ուսուցման, այլ յատկապէս կեանքի, որովհետեւ սովորեցնում է, թէ ինչքան կարեւոր է ճանաչել մենք մեզ ողորմութեան կարօտ, եւ մեր թշուառութիւնների եւ վէրքերի առաջ, բացուել Տիրոջ, «Աստուած մերձաւոր, բարութեան փափկութիւն» (նոյն, 17,2), «սիրով լի մարդկանց նկատմամբ, [...] հուր որ մեղքի խռիւն է սպառում» (նոյն 16,2): Այս սուրբ վկան մարգարէաբար ներկայացնում է ձեր ժողովրդին, որ պատմութեան ընթացքում մեկնաբանել է շատ անգամ ողբերգական սեփական դէպքերը՝ նրա գրութիւնների լոյսի տակ: Նա, սակայն, ընդհանրական Եկեղեցու Վարդապետ է արդէն. ձեր սիրելի ժողովուրդը եւս, տառապելու քաջատեղեակ եւ Յարութեան զօրութեամբ, կարողանայ հաւատի վկայ եւ վարդապետ լինել մեզ բոլորիս:

Աստուածամօր բարեխօսութեամբ, Թագուհի եւ «ցնծութիւն մեր տառապեալ բնութեան» (Շարակնոց, Աւետման կանոն), խնդրում եմ, սուրբ Գրիգորի խօսքերով իսկ, աստուածային ողորմութիւնը եւ սիրելուց երբեք չյոգնելու պարգեւը. Սուրբ Հոգի «հզօր պաշտպան, բարեխօս եւ խաղարարար, քեզ ենք ուղղում մեր աղաչանքները: [...] Պարգեւիր մեզ շնորհը՝ սիրոյ եւ բարի գործերի քաջալերման [...] Հոգի քաղցրութեան, գթութեան, մարդասիրութեան եւ ողորմութեան, [...] ողորմեա՛ մեզ, Տէր Աստուած մեր, ըստ մեծի ողորմութեան քում» (Շարական Պենտեկոստէի):

* * *

Այս ծիսակատարութեան աւարտին ուզում եմ իմ խորին շնորհակալութիւնը յայտնել Գարեգին Բ Կաթողիկոսին եւ Մինասեան Արքեպիսկոպոսին, ազնիւ խօսքերի համար, որ ինձ ուղղեցին, ինչպէս նաեւ Ղապրոեան Պատրիարքին եւ ներկայ եպիսկոպոսներին, քահանաներին եւ պետական այրերին որ մեզ հիւրընկալեցին:

Շնորհակալ եմ ձեզ բոլորիդ որ մասնակցեցիք, Գիւմրի հասնելով նաեւ տարբեր գաւառներից եւ մօտակայ Վրաստանից: Կամենում եմ յատկապէս ողջունել նրանց, ովքեր մեծ առատաձեռնութեամբ եւ շոշափելի սիրով, օգնում են կարիքաւորներին: Մտածում եմ յատկապէս քսանհինգ տարի առաջ բացուած Աշոցքի հիւանդանոցի մասին եւ որ ճանաչուած է որպէս «Պապի հիւանդանոցը», սուրբ Յովհաննէս Պօղոս Բ-ի սրտից ծնուած, առ այսօր յոյժ կարեւոր եւ մօտիկ ներկայութիւն է, նրան համար որ տառապում է. մտածում եմ տեղական կաթողիկէ հասարակութեան գործունէութեան մասին, Անարատ Յղութեան քոյրերից մինչեւ Կալկաթայի երանելի Մայր Թերեզայի Սիրոյ Առաքեալներին:

Սուրբ Կոյս Մարիամը, մեր Մայրը, միշտ ձեզ ընկերանայ եւ առաջնորդի բոլորի քայլերը եղբայրութեան եւ խաղաղութեան ուղիով:

 



Copyright © Dicastero per la Comunicazione - Libreria Editrice Vaticana